Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն անտառում

Հասարակություն
3880225efbbd9f04688624e916681f98

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին, ՙԽոսրովի Անտառ՚ պետական արգելոցի ՙԽոսրովի՚ տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվելու է խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ:

Որպես նախաձեռնող կողմ բնապահպանության նախարարությունն առաջարկելու է խորհրդակցության օրակարգում ընդգրկել պահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:

Օրակարգային են նաև ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, ՙԽոսրովի անտառ՚-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:
Խորհրդակցության արդյունքների մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի խորհրդակցության ավարտից հետո:
Այս մասին հայտնում է ԲՆ մամլո ծառայությունը։