Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խառնամուսնությունը՝ արտագաղթելու ճամփա՞

Հասարակություն
7cdc4cdb17310a84f8d59781a7da1a3c

Եթե Հայաստանը ժողովրդագրական խնդիր չունենար, ապա խառնամուսնությունները մտահոգության առիթ չէին լինի։ Այսպես է կարծում հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օտարերկրացիների հետ ամուսնանալու միտումը ըստ հոգեբանի, մի մեծ խնդրի մաս է կազմում։

«Պատճառն այն է, որ Հայաստանում երիտասարդների համար ապագա, դրսևորվելու հեռանկարներ չկան։ Դրա համար էլ նրանք երկրից դուրս գալու համար ընտրում են նաև օտարների հետ ամուսնանալու ճանապարհը»,- այսօր լրագրողներին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Ըստ տիկին Նալչաջյանի՝ եթե Հայաստանում երիտասարդը գիտակցի, որ կարող է իր երկրում արժանապատիվ ապրել, օտարների հետ ամուսնանալու միտումները կնվազեն։

«Սակայն չեմ կարծում, որ այս երևույթը այնպիսի մեծ մասշտաբների է հասել, որ մենք անհանգստանաք»,- ասաց հոգեբանը։

Խառնամուսնությունները փոքր ազգերին ևս մեկ խնդրի առջև են կանգնեցնում. խառնամուսնությունից ծնված երեխան սովորաբար հասնում է մի տարիքի, երբ սկսում է մտածել, թե ինչ ազգի ներկայացուցիչ է ինքը։

«Եվ շատ հաճախ է պատահում, որ խառնամուսնություններից ծնված զավակը ընտրում է իր ծնողների այն կողմը, որն ավելի հզոր է, ավելի մեծ ազգի ներկայացուցիչ է։ Դրան զուգահեռ նա սկսում է բացասական տրամադրվել մյուս կողմի նկատմամբ։ Այս առումով սա ևս կորուստ է»,- կարծում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Այս հարցի շուրջ Հայ առաքելական եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումը։ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն ասում է, որ մեր եկեղեցին չի օրհնում օտարերկրացիների հետ ամուսնությունները։
«Դեպքեր կան, որ օրհնում ենք, բայց սա շատ հազվադեպ է լինում։ Այս դեպքում զույգերը պետք է գնան վեհափառի մոտ, բացատրեն, որ այդ ամուսնությունից չի տուժի ո՛չ ազգը, ոչ եկեղեցին»,- ասաց Տեր Բաբկենը։ Քահանան նաև մի դեպք պատմեց, երբ հայ կինը ամուսնացել է գերմանացու հետ։ Վերջինս տեղափոխվել է Հայաստան և ընդունել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը։ Սա քահանայի նշած բացառություններից մեկն է։

Տեր Բաբկենը նաև ասաց, որ Հայ առաքելական եկեղեցին հատկապես իրանցիների մկրտության հարցում ձեռնպահ է մնում։ «Վերափառ հայրապետն է մեզ հրահանգ տվել, քանի որ նրանք դա օգտագործում են իրենց անձնական նպատակների համար, և իրականում մնում են նույն պարսիկ մահմեդականը»,- ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվը։