Նոր օրենք՝ ընտանեկան բռնության մասին
Հայաստանում, ըստ վիճակագրության, երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61 տոկոսը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25տոկոսը հոգեբանական բռնության, 8.9 տոկոսը ֆիզիկական բռնության, 3.3տոկոսը սեռական բռնության, իսկ 9.5 տոկոսը ֆիզիկական և սեռական բռնության:
Այս տվյալները հնչեցին այսօր «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային լսումների ընթացքում։
Ծրագրի փորձագետ Աննա Մարգարյանը նշեց, որ օրենքի նախագիծը առաջին հերթին նպատակ ունի կանոնանակարգել ընտանեկան բռնությանը վերաբերող հարաբերությունները. «Շեշտադրումը դրվում է կանխարգելիչ գործառույթների իրականացմանը, քանի որ այսօր մենք հանդիպում ենք իրավիճակների, երբ կա դեպքը, սակայն չես կարող արձագանքել, քանի որ համապատասխան օրենքներ չկան»։
Ըստ փորձագետի, օրենքը ներառում է նաև անմիջական միջամտության դեպքերը. «Սա վերաբերում է այն դեպքերին, երբ անհրաժեշտություն կա դեպքին անհապաղ արձագանքել և պաշտպանել ընտանեկան բռնության զոհին»։
Քննարկմանը ներկա «Կանաց ռեսուրսների կենտրոնի» տնօրեն Սաթիկ Հարությունյանը նշում է, որ իրենց ՀԿ-ի փորձը ցույց է տվել այս ոլորտում մեզ մոտ առկա օրենսդրական դաշտի բացերը և նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը. «Օրենքի ընդունումը շատ կարևոր քայլ է, հուսով եմ, որ լսումներից հետո նախագծի ընդունման ընթացքը կարագանա»։
«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում: