Պատերը ճաք են տվել (տեսանյութ)
«Կամ տուն կամ գումար»,-2011 թվականին այսպիսի առաջարկ էր ստացել Ավագ Պետրոսյան 4 հասցեում բնակվող Հակոբյանների ընտանիքը։ Իսկ այսօր նրանք այլևս այլընտրանք չունեն ՝ Երևանի կենտրոնում գտնվող 100քմ ընդհանուր մակերեսով տունը քանդման եզրին է։
Տան սեփականատերերից Գարեգին Հակոբյանը ասաց,որ իրենք տունը կլքեն միայն մի պայմանով՝ եթե իրենց վճարեն իրենց տան արժեքը.« Տվեք այն ինչ որ գնահատել եք,ես ավել բան չեմ ուզում»։
Հակոբյանները այստեղ բնակվում են 1945 թվականից։Նրանց հարևանները վաղուց լքել են իրենց տները այն հույսով ,որ «Ավագշին» ընկերության հետ կնքած իրենց պայմանագրի համաձայն այս տարածքում կկառուցվի բարձրահարկ շենք,որտեղ իրենց բնակարան կհատկացվի։
Այդ մարդիկ այժմ ապրում են վարձու տներում,իսկ Հակոբյանները գնալու տեղ չունեն։Ընտանիքի մայրը՝ Անուշ Սիմոնյանը հուզվում է.«Տունը արդեն փլուզվում է,պատերը խոնավացել են ,վախենում ենք նույնիսկ ապրել»։
Գարեգին Հակոբյանի խոսքերով տան բոլոր ճաքերը վերջերս են առաջացել ՝ հարևանությամբ ընթացող շինարարության պատճառով։ Իր տանը առաջացած իրավիճակի մասին նա տեղեկացրել է շինարարներին.«Ցույց եմ տվել,ասել եմ եկեք նայեք ինչա կատարվում կամ իմ հարցերը լուծեք ես դուրս գամ կամ վերանորոգեք։Արձագանք չկա։Վերջերս էլ մի քանի անգամ եկել զգուշացրել են ,որ կողքի տունը պիտի բուլդուզերով քանդեն,հնարավոր է մերը փլուզվի։ ասում են դուրս եկեք»։
Այս ընտանիքը բազմաթիվ նամակներ է գրել հանրապետության նախագահին,վարչապետին և Երևանի քաղաքապետին և ամեն անգամ նույն բանավոր պատասխանն է ստացել.« Էսօր զանգահարեցի ինձ պատասխանեցին,որ 30 օրվա մեջ պատասխան կտրվի,սակայն 30 օր հետո Աստված գիտի մեր տան հետ ինչ կկատարվի»