Արագաչափերի թիվը կավելանա (տեսանյութ)
Ուղիղ 5 ամիս առաջ Երեւանում գործի դրվեցին արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը։
Երթևեկությունն ավելի ապահով և վարորդներին ավելի կարգապահ դարձնելու համար մինչև այս տարվա վերջ հանրապետության տարածքում տեղադրված արագաչափերի թիվը կհասնի 65-ի, իսկ Երեւանի 50 խաչմերուկներ կզինվեն տեսանկարահանող սարքերով:
«Պատահարների արդյունքում 17 մարդ ավելի քիչ է մահացել և 66 հոգի ավելի քիչ վնասվածք է ստացել նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համամատելիս: Այս վիճակագրության վրա մեծ դեր ունի նաև արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տեղադրումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՃՈ Տեսանկարահանման միջոցով խախտումների արձանագրման կենտրոնի պետ Արմեն Սարգսյանը։
Մեքենայի արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքները տարբեր են։ Նվազագույն տուգանքը տրվում է այն ժամանակ, երբ վարորդը արագությունը գերազանցի 10-21 կմ/ժամ։ Այս դեպքում տուգանքի չափը՝ 10 հազար դրամ է։
«Նախատեսված արագությունը 21-40 կմ/ժամ գերազանցելու դեպքում վարորդը տուգանվում է 30 հազար դրամ, 41-60կմ/ժամի-ի դեպքում` 50 հազար: Իսկ դրանից բարձր` արդեն 70 հազար դրամ է կազմում տուգանքի չափը»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Օրեր առաջ «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե տեղադրված արագաչափերը «S 580» մոդել են, մինչ դեռ այլ երկրներում օգտագործվում է ավելի կատարյալ «MR SD 580» մոդելը։ Պարոն Հովհաննիսյանը նաեւ հայտնել էր, թե արագաչափերը սերտիֆիկացված չեն:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը վստահեցնում է. «Տեղադրված արագաչափ սարքերը «MR SD 580» են, սակայն արագաչափով ֆիքսված իրավախախտման լուսանկարում նշվում է S 580. « Այդ արագաչափը նույն արագաչափն է»։ Պարոն Սարգսյանն ասում է, որ արագաչափ սարքի մոդելի մասին սխալ տեղեկություններն էլ պատճառ են դարձել, որ խախտում կատարած վարորդները հրաժարվեն տուգանք վճարելուց:
«Հաճախ վարորդները պատճառաբանում են, թե լուսանկարում ֆիքսված արագաչափի մոդելը և այն արագաչափերը, որոնք տեղադրվում են ճանապարհներն, տարբեր սարքեր են»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Արագաչափի մոդելին ծանոթանալու համար մենք ինքներս ընտրեցինք պատահական արագաչափ։ Հատուկ մեր նկարահանման համար անջատեցին այն։ Մեր տեսախցիկը ֆիքսեց սարքի մոդելը՝ SD 580: «S-ը և D-ն արագությունն ու տարածությունն են։ Եթե ՃՈ-ին անհրաժեշտ լինի ֆիքսել նաև արագաչափ սարքի և արագությունը գերազանցելու պահին ավտոմեքենայի միջև ընկած տարբերությունը, այդ պահին լուսանկարի վերևի մասում կնշվի SD 580»,- ասաց Արմեն Սարգսյանը։