Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ վարակի 1335 դեպք

Հասարակություն
f9f56da925a88ed40d8932eef51f3f7b

1988 թվականից մինչ այս տարվա հոկտեմբեր ամիսը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1335 դեպք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ անդամ Աշոտ Գևորգյանը։

«Սրանք պաշտոնական, գրանցված տվյալներն են, իսկ, հասարակական կազմակերպությունների տվյալներով, այդ թիվը մոտ երեք անգամ ավելի բարձր է՝ 3500 դեպք»,-ասաց Աշոտ Գևորգյանը։

Դա, ըստ բանախոսի, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր վարակակիր են, սակայն պաշտոնապես գրանցված չեն որպես այդպիսին։

«2008 թվականից սկսած տարեկան վարակի հայտնաբերման թվերն աճում են կապված գրանցումների ավելացման հետ»,- նշեց Աշոտ Գևորգյանն՝ ավելացնելով, որ Հայաստանում վարակի փոխանցման ամենատարածված ուղիներն են հետերոսեքսուալ կապերը, թմրամիջոցների օգտագործումը, համասեռամոլ կապերը, մորից երեխային փոխանցվող։

«Ըստ մեր ՀԿ-ի տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 60 տոկոսը վարակված է լինում ոչ Հայաստանում»- ասաց Աշոտ Գևորգյանը ։

Նա նշեց, որ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն մեկնարկել է խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ եռամյա ծրագիրը, որի հիմնական նպատակը խոցելի խմբերի հետ աշխատանքն է ինչպես վարակի կանխարգելման, այնպես էլ բուժման, խնամքի և աջակցության նպատակով։