Բանավիճում են ուսանողները
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանից և մարզերից ուսանողական յոթ թիմեր այսօր և վաղը կհավաքվեն Երևանում եզրափակիչ բանավեճի համար:
Ուսանողները կբանավիճեն և կպաշտպանեն իրենց տեսակետները այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:
Այս ծրագրի ներքո Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում, Գավառում և Երևանում ստեղծվեցին ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճը ուսանողները մասնակցել են 21 միջհամալսարանային բանավեճերի:
«Գաղափարների և կարծիքների փոխանակումը ժողովրդավարության հիմքն է, և այս առումով շատ կարևոր է երիտասարդների շրջանում բանավեճային մշակույթի խթանումը»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄքՔոյը:
Որպես այս ծրագրի մի մաս ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է ուսանողների մասնակցությամբ երեք հեռուստաբանավեճերի անցկացմանը: Բանավեճերի թեմաներն էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության քվոտաները և համացանցի ու լրատվության նոր միջոցների վերահսկման խնդիրները:
Նախաձեռնությունը իրականացվում է Ջինիշյան հիմնադրամի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բանավեճերի ակումբների զարգացումը Հայաստանում: