Մեկնարկում է «ՉուխաջյանՖեստ»-ը
Նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արդեն չորրորդ անգամ անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Այս տարի փառատոնը կկոչվի «ՉուխաջյանՖեստ» և նվիրված կլինի հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին: Փառատոնը կնվիրվի նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին:
Երեկոն կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ և փառատոնի համահիմնադիր Ռոբերտ Ամիրխանյանի ողջույնի խոսքով: Համերգի ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան) և երգչախմբի (գլխավոր խմբավար ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) կատարմամբ կհնչեն հատվածներ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից և «Կարինե» օպերետից: