Հիպերհսկայի 30-ամյա պատմությունը
Եվրոպայի գիտական խմբերից մեկը վերջերս հրատարակել է HR 8752 հիպերհսկա աստղի 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքները:
Խումբը բացահայտել է, որ HR 8752 հիպերհսկա աստղի մակերևութային ջերմաստիճանը բարձրացրել է 3000°C-ով, քանի որ աստղն անցել է չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլի միջով: Այս հայտնագործությունը շատ կարևոր է հիպերհսկա աստղերի զարգացումը հասկանալու համար:
Վեց եվրոպական երկրների գիտնականներից կազմված գիտական խումբը՝ հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանի մասնակցությամբ (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա), մոտ երեսուն տարի ուսումնասիրում էր HR 8752 հիպերհսկա աստղը, որն անցնում էր մի չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլով, որը կարող է կտրուկ փոխել աստղի զարգացման ընթացքը:
Ուսումնասիրությունների ընթացքում աստղի ջերմաստիճանը կտրուկ աճել է 5000 աստիճան C-ից մինչև 8000 աստիճան C: Այս արդյունքը, որը տպագրվել է «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy and Astrophysics) ամսագրում, կարևոր խոսք է աստղերի էվոլյուցիայի տեսության մեջ:
Հիպերհսկաները Տիեզերքում հայտնի ամենապայծառ աստղերն են: Դրանց պայծառությունները կարող են միլիոնավոր անգամներ ավելի մեծ լինել Արեգակի պայծառությունից, իսկ չափերը կարող են հասնել հարյուրավոր արեգակնային շառավղի: Դրանց մակերևութային ջերմաստիճաններն ընկած են 3500-35000 աստիճան C տիրույթում (Արեգակի մակերևույթային ջերմաստիճանը մոտ 6000 աստիճան C է): HR 8752-ը 250 000 անգամ ավելի պայծառ է քան Արեգակը, և այն կարելի է տեսնել նույնիսկ փոքր հեռադիտակով Կասիոպեա հյուսիսային համաստեղությունում: Հիպերհսկաները հազվագյուտ աստղեր են. Մեր Գալակտիկայում հայտնի են ընդամենը 12-ը:
HR 8752 հիպերհսկան գրավիչ է իր՝ այս գոտում գտնվելով, ինչը գիտնականներին թույլ է տալիս կատարել այս տիրույթի ֆիզիկայի մանրամասն ուսումնասիրություններ` պարզելու համար, թե ինչ է կատարվում աստղի հետ` ինչպես է այն կորցնում իր զանգվածը, որքան արագ է դրա մթնոլորտը փոփոխվում և այլն:
Հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։