Նախընտրական արտոնությո՞ւն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Հայրենական պատերազմի մասնակից վետերանների, Արցախյան ազատամարտի և Աֆղանական պատերազմի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների ու Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին բնակարանների համար գույքահարկի արտոնություններ սահմանելու մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելուց առաջ։
Ըստ նրա՝ ևս մեկ անգամ ճշգրտել առկա ցուցակները, որպեսզի որևէ ընտանիք դուրս չմնա գույքահարկի արտոնություն ստանալու հնարավորությունից։
«Արցախյան ազատամարտից հետո էլ շատերը զոհվել են դիրքերում, ականների պայթյունից և նրանց ընտանիքները նույնպես պետք է ընդգրկված լինեն արտոնությունների ցանկում: Եղեք ուշադիր, որպեսզի որևէ ընտանիք դուրս չմնա: Մենք բարոյական պարտք ունենք այդ մարդկանց և ընտանիքների առջեւ»,- ընդգծել է քաղաքապետը աշխատանքային խորհրդակցությանը։
Տուգանվել են
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցը խախտելու և երեկոյան ժամերին շարժակազմերի սահմանված քանակ չապահովելու հիմքով նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան պատասխանատվության են ենթարկվել երթուղիները սպասարկող 4 ընկերություն, ևս 6 ընկերություններ էլ տուգանվել են շարժակազմերում առկա սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։