Ոսկի՝ ցիանիդի օգնությամբ
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանն է ներկայացրել «Ոսկու կորզման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծը:
Արտադրամասը գտնվելու է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր առողջարանային վայրից 0.5-0.6 կմ հեռավորության վրա: Ըստ նախագծի` հանքաքարից ոսկին կորզելու են ցիանիդի օգնությամբ` հիդրոմետալուրգիական եղանակով:
Վերամշակման գործընթացի մթնոլորտ կարտանետվեն ցիանաջրածին, կախյալ մասնիկներ, ազոտի, ածխածնի և ծծմբի օքսիդներ, կրափոշի եւ այլն:
Ըստ նախագծողների` այս արտանետումները թույլատրելի սահմաններում են: Արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 10.8 հազար դրամ: Ընդորում, օրենքով ընկերությունը պարտավոր չէ վճարելու նույնիսկ այդ գումարը:
Որպես արդյունք «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը մտադիր է ստանալ Դորե մետաղ տարեկան տոննայում 80-150 գրամ ոսկու եւ 200-300 գրամ արծաթի պարունակությամբ: «էկոլուր»