Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ը կրկին կատաղում է

Հասարակություն
8480692d9995f3a3f7ad51cec67fa6db

2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում:

Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է, ինչը խոսում է Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնի (ԵՀՎԿԿ) և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ/ԵՎՐՈ) նոր հաշվետվությունը, որը հրապարակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, վկայում է, որ թեև ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհի տարբեր շրջաններում կրճատվել է, այնուամենայնիվ, վարակի տարածումը ԵՄ/ԵՏԳ երկրներում չի նվազել, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անգամ բարձրացել է:

Ավելին, ԵՄ մի շարք երկրներում շարունակվում են ՄԻԱՎ-ի բռնկումները ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում, ինչը նշանակում է, որ համապատասխան միջոցառումների բացակայության կամ թերի իրականացման պայմաններում հիվանդացության ցածր մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ` հանգեցնելով հիվանդության բռնկման:

Հիշեցնենք, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 պետություն` մոտ 900 միլիոն ընդհանուր բնակչությամբ, որոնցից շուրջ 508 միլիոնը կազմում են ԵՄ/ԵՏԳ երկրների բնակիչները (ԵՄ 27 պետություններ, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Նորվեգիա):