Որոշ դեպքերում «հասել են զրոյի»
2011 թվականից մինչև 2015 թվականը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։
2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում:
Ըստ Առողջապահության նախարարության՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Հայաստանում բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն։ԱՆ-ի տվյալներով՝ 2011 թվականին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004-ի համեմատ աճել է 5,2 անգամ:
Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը։
Այսպես, եթե 2004 թվականին հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2011-ին՝ 43 330 հղի, տարեկան 45 014 հղիությունն ավարտած կանանց պարագայում:
Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և զգալի կերպով նվազեցնելու նորածնի վարակման հավանականությունը:
Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ` 2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:
Ձեռքբերումների թվում ԱՆ-ը նշում է նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:
2005 թվականից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2012 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 440 հիվանդ, այդ թվում 11 երեխա:
Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով: ՀՌՎ դեղերը և բժշկական նշանակության ապրանքները մատակարարվում են գլխավորապես ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: