Ազգագրագետի հայցը կքնվի մյուս տարի
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ռուբեն Հայրապետյանի դեմ գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մյուս տարի՝ հունվարի 15-ին։
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը պետք է հրապարակեր իր որոշումը, թե Մհեր Արշակյանը կշարունակի լինել Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը՝ թե ոչ։
Սակայն Մհեր Արշակյանը ինքնակամ հրաժարվել էր Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը լինելուց։ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին դադարեցնել Մհեր Արշակյանի լիազորությունները, քանի որ նա փաստաբան չէ եւ չի կարող ծառայություններ մատուցել։
Ազգագրագետը պահանջում է, որպեսզի ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը իրենից հրապարակային ներողություն կխնդրի «Նուվել Դը Արմենիի» ամսագրին տված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Այսօր դատարանում Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչներ Վահե Մովսիսյանն ու Կարեն Պետրոսյանն միջնորդությանը ծանոթանալու համար 2 շաբաթ ժամանակ խնդրեցին՝ հայցին պատասխան ներկայացնելու համար։ Բայց քանի որ դատավորը արձակուրդ էր մեկնելու, այն հետաձգվեց մինչեւ 2013 թվականը։
Ի դեպ, Հրանուշ Խառատյանը ներկա չէր դատական նիստին։