Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուրեցու հայացք. «Ծիրը չի երեւում»

Հասարակություն
c202d3160485ecf356ef88234c61cca6

24 տարին ահռելի ժամանակաշրջան է. 24 տարում պետություններ են կայանում ու զարգանում, քաղաքներ են կառուցվում ու բարգավաճում: 24 տարում նյութական կորուստներ են վերականգնվում, վերքեր են ամոքվում, կյանքը հիմնավորապես փոխում է իր հունն ու ընթացքը:

Անցած 24 տարվա ընթացքում Հայաստանում փոխվեց 5 ղեկավար՝ Կենտկոմի 2 առաջին քարտուղար ու 3 նախագահ, 14 վարչապետ, եսիմ ինչքան նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր: Իրար ետեւից եկան, գնացին, որոշները մինչ օրս էլ մնում են: Իր տեղում մնում է նաեւ աղետի գոտին՝ այս հասկացության բառացի, նյութական, հոգեբանական ու փոխաբերական իմաստներով:

24 տարում 1988-ի հետեւանքները հնարավոր չեղավ վերականգնել. կան հազարավոր անօթեւան ընտանիքներ, քարուքանդ թաղամասեր, կիսափուլ շենքեր, ու տնակներ...տնակներ...տնակներ:

Սրանք կոչվեցին ժամանակավոր կացարաններ, բայց շատերի համար դարձան մշտական ապրելատեղի: Շատերի համար էլ այդ ժամանակավորը շա՛տ երկար, անչափ երկար ձգվեց, այնքան երկար, որ այլեւս ժամանակավոր բառը ժամանակի տեւողության հետ անհամատեղելի է:

«Ժամանակավոր» բառը, այս դեպքում, դառնում է վերացական հասկացություն, ֆիկցիա. սերունդները ծնվում, մեծանում, մանկապարտեզ, դպրոց, բուհ, բանակ գնում են այդ ժամանակավոր կոչված կացարանից, հետո ամուսնանում, երեխա ունենում:

Սա մի ամբողջ կյանք է՝ իր հույսերով, երազներով, դառնություններով, լացով, ծիծաղով, ակնկալիքներով: Կյանք, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ՙժամանակավոր՚ անվանյալ եւ տրամաբանորեն ենթադրվող մի կարճ հատվածի մեջ:

Կարճ չեղավ մեր ժամանակավորը եւ արդեն ձգվում է քառորդ դար, ու «ծիրը» կարծես թե չի երեւում, կամ երեւում է անորոշության մեջ: «Ծիրը» կգա այն ժամանակ, երբ աղետի գոտում, Գյումրիում բնակարանատեր կդառնա երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած վերջին ընտանիքը, երբ պատմության գիրկը կանցնի ժամանակավոր կոչեցյալ կացարանների տխուր գոյությունը...

Համլետ Կիրակոսյան
Asparez.am