Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսանկարիչները՝ մեկ հարկի տակ (տեսանյութ)

Հասարակություն
3e0cfcef8ec762aa9aa8375b8c948bee

Տնտեսագետ Արմենուհի Հովակիմյանն արդեն մեկ տարի է զբաղվում է լուսանկարչությամբ: Ինչպես ինքն է ասում, լուսանկարչությունն իր հոբբին է: Լուսանկարելն Արմենուհուն հնարավորություն է տալիս ցուցադրելու աշխարհն այլ դիտանկյունից:

«Ես սիրում եմ ավելի շատ կազմակերպել լուսանկարչությունը, այսինքն՝ արտ դիզայնը, դեկորացիաները»,- այսօր «Ա1+»-ին ասաց Արմենուհի Հովակիմյանը:

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում այսօր Արմենուհին ներկայացել էր Ամբերդի և Մասիս սարի համադրությամբ շարքը: Նրա խոսքերով՝ շարքն արվել է մեկ օրվա ընթացքում՝ ֆոտոարշավի ժամանակ. «Այդ օրվա յուրահատկությունն այն էր, որ երկինքն այնքան գեղեցիկ էր, օրվա բոլոր ժամերին փոփոխվում էր»:


«Լույսի Սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել 16 սկսնակ լուսանկարիչներ` 80 լուսանկարներով:

«Լուսանկարները բազմաոճ են, կա դիմանկար և դոկումենտալ լուսանկար»,- «Ա1+»-ին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը։

Նա հպարտ է, որ իր սաները 3 ամսվա ընթացքում կարողացել են յուրացնել մասնագիտական որոշ գաղտնիքներ: Լուսանկարչի խոսքերով՝ նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են Հայաստանի լուսանկարչության զարգացմանը: Ըստ Սարգիս Վիրաբյանի՝ Հայասատանի շատ լուսանկարիչներ փորձում են իրենց արվեստը ներակայացնել նաև երկրի սահմաններից դուրս:

«Շատ լուսանկարիչներ ունենք, որ միջազգային ֆոտոփառատոններում արժանի տեղ են զբաղեցնում»,- եզրափակեց նա: