Աշխարհի վերջ կամ «ընկերովի մահը հարսանիք է»
Դեկտեմբերի 21-ին աշխարհի վախճան չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը։
Նա նշեց, որ տարբեր կրոնական կազմակերպություններ եւ տարատեսակ գուշակողներ տարբեր ժամանակներում գուշակել են աշխարհի վերջը, բայց իրականում որեւիցե օրացույց չի կարող սահմանել աշխարհի վախճանը։
«1914-ից ի վեր Եհովայի վկաները մի քանի անգամ աշխարհի վախճանը գուշակեցին։ Բնականաբար, առ այսօր ապրում ենք, եւ որեւիցե վախճան չկա», - ասաց հոգեւորականը։
Բյուրականի աստղադիրտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր հերթին հիշեցրեց, որ վերջի երկու տասնամյակի ընթացքում գոնե հինգ-վեց անգամ՝ 1999-ին, 2000-ին, 2003-ին արդեն հայտարարվել է աշխարհի մոտալուտ գալստյան մասին։
«Նույն Մայաների օրացույցը կանխագուշակում էր աշխարհի վերջը 2003-ին։ Հետո պարզվեց, որ հաշվարկը սխալ է եղել, տեղափոխեցին մինչեւ 2012-ի վերջը։ Իրականում, որեւէ տիեզերական աղետ, արեգակնային ակտիվություն, մոլորակների շքերթ կամ երկնային մարմնի անկում, որը կսպառնար մարդկությանը, գոյություն չունի», - նշեց գիտնականը։
Ըստ պարոն Հարությունյանի, աշխարհի վերջի մասին խոսակցությունները հետաքրքրում են մարդկանց, որովհետեւ մարդիկ ավելի հակված են «կորպորատիվ մահվան» սպասելուն, քան իրենց սեփական, քանի որ հավաքական մահը իրենցից որեւէ պայքար, չի պահանջում, այսինքն՝ «ընկերովի մահը հարսանիք է»։
Հայկ Հրությունյանը տեղեկացրեց նաեւ, որ «չարաբաստիկ» մայաների օրացույցի ավարտը ոչ թե աշխարհի, այլ զուտ օրացույցի ավարտն է նշանակում.
Միեւնույն ժամանակ, Տեր Շմավոն քահանան նկատեց, որ ասվածն ամենեւին էլ չի նշանակում, որ աշխարհի վերջ ընդհանրապես չի լինելու։
«Մենք քրիստոնեական վախճանաբանությունից գիտենք, որ լինելու է աշխարհի վերջ։ Այդ իսկ պատճառով քրիստոնյա պետէ է յուրաքանչյուր օրն ապրի այնպես, ասես դա վերջին օրն է՝ ավարտելով բոլոր մարդկային գործերը, ներած լինելով մերձավորին, որեւիցե ատելություն մեջը պահած չլինելով, որպեսզի չլինի թե այնպես լինի, որ այդ օրը գա եւ մենք որպես քրիստոնյաներ պատուհասի առաջ կանգնենք։ Աշխարհի վերջը հանկարծակի է լինելու, որեւէ մեկը չի կարող գուշակել օրը», - նշեց հոգեւորականը: