Աբրահամը պատրաստվում է մենամարտին
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (35-3, 27) կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) հետ:
Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Նյուրնբերգում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների, մարզիչների մասնակցությամբ:
«Քաջ գիտակցում եմ, որ կոշտ պայքար է սպասվում: Սա կարող է լինել Բուադլայի կարիերայի վերջին հնարավորությունը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Նա փորձելու է ամեն ինչ, նա կարող է»,- ասել է Արթուր Աբրահամը:
«Միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն:Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ նրա մեծ մենամարտը։ Դա ցույց է տալիս նաեւ նրա նախապատրաստական փուլը Բուդլայի հետ մենամարտին»,- նշել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: