179 գայլից մնացել է միայն մորթին
2012թ. ընթացքում 179 գայլ է սպանվել։ Դրանց մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Կառավարությունը 2012թ. թույլատրել էր որսալ 200 գայլ։ Յուրաքանչյուր սպանված գայլի համար նախատեսված պարգևավճարը կազմում է 100.000 դրամ:
Ի դեպ, 2011թ թույլատրված էր 100 գայլի որս, եւ պաշտոնապես 95 գայլ էին որսացել։
Ըստ բնապահպանության նախարարության՝ գայլերի մորթիները ընդունվել են ամբողջական, ստուգվել են, որսորդական կանոններով սահմանված, որսի ձեռքբերման մեթոդները՝ հինգ համարից մեծ թակարդներով, ձգօղակներով և այլ չթույլատրված մեթոդներով որսը բացառելու համար:
Յուրաքանչյուր մորթին նշագրվել է, համարակալվել է և վերցվել կաշվի նմուշներ, որից հետո մորթիները տեղափոխվել են կենտրոնի վիվարիում: Նկարահանվել են ինչպես մորթիների ընդունման պրոցեսը, այնպես էլ ընդհանուր և առանձին մորթիները: