Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Եգանյանն արձագանքեց հոդվածին

Հասարակություն
af586d9952eeae9196c8c6b3a6f662a1

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունն արձագանքել է www.a1plus.am կայքէջում 2012 թվականի դեկտեմբերի 10-ին զետեղված «Եգանյան ջան, ասա` ինչու՞ չես տալիս» վերտառությամբ հոդվածին՝ համարելով, որ կա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ հոդվածի հերոսը՝ տիկին Մանուելյանցը հայտնում էր, որ բազմիցս դիմել է ՀՀ կառավարության առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը իրեն ժամանակավոր կացարան հատկացնելու խնդրանքով, սակայն միշտ մերժվել է:

Միգրացիոն պետական ծառայությանը իր հայտարարության մեջ նշում է, թե «փախստականներին սենյակների տրամադրման լիազորությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը չի վերապահված»:

« Փախստականներին ժամանակավոր կացարան-ներում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2008 թվականի օգոստոսի 8-ի թիվ 47-Ա հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Դեռևս 2009 թվականի հունիսի 3-ին աշխատանքային խումբը քննարկել է Տերյան 107 շենքի սեփականատիրոջ գրությունը` նշված շենքում բնակվող փախստականներին այլ ժամանակավոր կացարաններ հատկացնելու վերաբերյալ, որի արդյունքում` ծառայության տնօրինության տակ գտնվող հանրակացարաններում սենյակներ են հատկացվել Տերյան 107 հասցեում բնակվող մի քանի փախստական ընտանիքների, այդ թվում նաև Ալեֆտինա Տեր-Մանուելյանցի 2 անձից բաղկացած ընտանիքին:

Ալեֆտինա Տեր-Մանուէլյանցի ընտանիքին թիվ 68 ուղեգրով տրամադրվել է Նոր-Նորքի ուս. ավանի 1-ին մասնաշենքի թիվ 820 սենյակը, սակայն Մանուելյանցի ընտանիքը չի զբաղեցրել հատկացված սենյակը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Տեր-Մանուելյանցի ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման պահանջ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը չի ներկայացվել»,- ասված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պատասխանում։

Ի դեպ. հոդվածը պատրաստելիս մենք փորձել էինք զրուցել վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ ավելի կարևոր գործեր ունի։