Էմոցիաներին չտրվել
Գալիք նախագահական ընտրություններից առաջ հոգեբան Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս չտրվել էմոցիաներին։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց ազգը կործանման տանող երեք գործոնների մասին։
Առաջին ու ամենակարևոր գործոնը նա համարում է արտագաղթը.
«Մեր ազգը դարերի ընթացքում անընդհատ կորուստներ է տվել, սակայն միշտ էլ եղել են վառ անհատականություններ, որոնք ազգապահպան գործնեություն են ծավալել,այսօր շատերն են լքում հայրենիքը և դա իմ կարծիքով հայրենասիրության պակասից է գալիս»։
Տիկին Նալչաջյանը գտնում է,որ ազգի ինքնագիտակցության թուլացումը նկատվել է վերջին 20 տարիների ընթացքում։ Այս փաստը նա պայմանավորում է երկրի սոցիալ տնտեսական վիճակով.«Մենք օտարամոլ ենք դարձել,անընդհատ դեմքով շրջվում ենք դեպի օտարը»։
Ազգը դեպի կործանում տարող երկրորդ գործոնը, ըստ հոգեբանի, մշակութային աղավաղումներն են։ Նա ասում է, որ մշակույթը ունի էթնոպաշտպան նշանակություն և այսօրվա մշակութային դաշտը կայուն չէ։
Երրորդ գործոնը կրթությունն է։ Տիկին Նալչաջյանը գտնում է.« Ճիշտ է կան բազմաթիվ կրթական հաստատություններ,կան նաև լավ մասնագետներ,բայց տոկոսային առումով գերակշռում են թերուսները»։
Իսկ թե ինչ լուծումներ,ինչ տարբերակներ կառաջարկի տիկին Նալչաջյանը որպես հոգեբան հարցին՝ նա պատասխանեց.«Պիտի ժողովուրդը պահանջատեր լինի պարզապես, եթե ամեն մեկս օգտագործենք մեր ունեցած լծակները, ի վերջո, ամեն հարց էլ իր լուծումը կստանա»։