Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է գավառամտությունից

Հասարակություն
b12d6e2479ddb746f0aa939f0fc968aa

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը նվիրված է 2012 թ լավագույն մարզիկի ընտրությանը:

«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական եւ շարունակական փորձ:

Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով եւ իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն:

Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում եւ ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով» - ՀՖՖ պաշտոնական կայքով հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզական լրագրողները իրենց հարցաթերթիկներում նշել են 5 ֆուտբոլիստի անուն (Հենրիկ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերոզովսկի, Սարգիս Հովսեփյան, Արաս Օզբիլիս), սակայն նրանցից ոչ մեկը չի մտել առաջին տասնյակ, որոնք ամեն տարի պարգեւատրվում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: