Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրելի ուսուցիչը մեծահասակներին բերեց դպրոց

Հասարակություն
7919a55c0b003bdb6cf162d854c2d230

Եթե այսօր ինչ-որ մեկը մտներ Վանաձորի թիվ 9 դպրոցի դասարաններից մեկը, կզարմանար, թե ինչու են այսքան մեծահասակներ նստած դպրոցական նստարաններին եւ ուշադիր լսում:

Նրանք եկել են լսելու իրենց ուսուցչուհի Ջուլիետա Ավետյանին, ով այսօր` դեկտեմբերի 27-ին՝ իր ծննդյան 80 ամյակի օրը իր շուրջն է հավաքել հին ու նոր աշակերտներն իր «վերջին դասին»: Աշակերտները եկել-հասել են տարբեր վայրերից, որպեսզի իրենց երախտիքի խոսքերը ասեն սիրելի ուսուցչուհուն: Նրանցից շատերը եկել են անգամ իրենց թոռների հետ` ծանոթացնելու իրենց ուսուցչուհու հետ:

Ջուլիետա Ավետյանը 1955-2000թթ. աշխատել է Վանաձորի թիվ 9 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկար աշխատանքային տարիներին արժանացել է տարբեր պատվոգրերի, շնորհակալագրերի, 2000թ. պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:

Տիկին Ավետյանը մինչև օրս հիշում է իր առաջին դասը. «Առաջին օրը մտել էի ամենաչար համբավ ունեցող 4-րդ դասարանը: Վերջում նստած երկու տղաներ միայն գլուխները շրջեցին, հետո նորից սկսեցին լուսամուտից նայել: Աղջիկները զրուցում էին: Ես մի քանի անգամ զգուշացրի, որ իրենց վայելուչ պահեն, սակայն ապարդյուն... Ամբիոնից զայրացած վերցրի թանաքամանը և շպրտեցի տղաների ուղղությամբ: Թանաքամանը դիպավ նոր վերանորոգված սպիտակ պատին: Դասարանում միանգամից լռություն տիրեց: Այդ երկու տղաներից մեկը մյուսին ասաց. «Արա, շրջվի, էս մեր իմացածներից չի»:
Դասը հունի մեջ ընկավ: Հայտարարեցի, որ ես եմ լինելու «ցավոք» իրենց դասղեկը և հենց այդ երկու տղաներին` Պողոսյան Վոլոդյային և Սարգսյան Էդիկին, նշանակեցի ավագ: Իմիջայլոց, շատ տարիներ անց ես պարապեցի նաև նրանց երեխաներին...»

Դպրոցում աշխատել առանց զավեշտալի միջադեպերի անհնար է, համոզվել է վաստակավոր ուսուցչուհին:
«Մի անգամ մտա դասարան, փոքրիկ Արայիկը լաց էր լինում: Հարցրեցի պատճառը, նա էլ ասաց, որ Վարդանը թղթի վրա նկարել է «Վոլգա» ու ասել է, որ դա Արայիկինն է: Ես էլ հարցրի. «Քեզ Վոլգա է նվիրում, դու լաց ես լինո՞ւմ»: Արայիկը, ավելի աղեկտուր լաց լինելով, ասաց. «Ես գ-րու-զա-վիկ եմ ուզո՜ւմ»:

«Մի անգամ էլ միջանցքում լսեցի, որ դասարանում մեկը սուլեց: Մտնելով դասարան` սկսեցի նախատել` երևի նրա ծնողները տանը սուլել են, ինքն էլ սովորել է, թե չէ դպրոցում ո՞ր ուսուցիչը պետք է սուլեր... և ավելացրի, որ ոտքի կանգնի նա, ով սուլել է... Եվ պատկերացրեք, ոտքի է կանգնում իմ աղջիկը...»,- ծիծաղելով հիշում է Ջուլիետա Ավետյանը:

Զավեշտալի դեպքեր եղել են նաև դպրոցական կյանքից դուրս: Մի անգամ ավտոբուսի վարորդը, որը պարզվել է իր աշակերտ Ռազմիկ Ղարիբյանն է, ուղևորներին ասաց. «Ես իմ ուսուցչուհուն պետք է տանեմ մինչև շուկա» և ավտոբուսը թեքվեց դեպի շուկա:
«Եթե նորից կյանքս սկսվեր, անպայման ուսուցիչ կդառնայի...,- Ջուլիետա Ավետյանի աչքերը փայլում են: -Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, սիրում եմ իմ աշակերտներին, թեկուզև նրանք արդեն այդքա՜ն մեծացել են...»: