Նախարարի մասնակցությամբ 5-ամյակն էին նշում
Վարչական դատարանի ստեղծման գաղափարը արդարադատության մի քանի աշխատակիցների մտահոգությունը կամ ցանկությունն էր։
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացած ՀՀ վարչական դատարանի 5-ամյակին նվիրված գիտաժողովին ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Այդ ցանկությանը պետք է հաջորդեր որոշակի հիմնավորումներ, դրան պիտի հաջորդեր քաղաքական հիմնավորվածություն, քաղաքական որոշումների ընդունում, դրան պիտի հաջորդեր աշխատանքային խմբեր, դատավարություն, մասնագետների կադրերի պատրաստում և դրան օբյեկտիվորեն պետք է հաջորդեր այն ինչ-որ այսօր ունենք»,- իր ելույթում նշեց Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարի խոսքերով՝ 5 տարին միգուցե մարդու կյանքում շատ փոքր ժամանակահատված է գնահատական տալու, թե ինչ մարդ է դառնալու, ինչ ճակատագիր է ունենալու, բայց նման ինստիտուտի մասին խոսելիս 5 տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի մի քանի հարցերի հստակ պատասխաններ տրվեն.
«Արդյո՞ք անհրաժեշտ էր մեզ մոտ վարչական արդարադատության այս համակարգի ներդրումը։ Իրավամբ, պետք է ասել, որ այո', դա անհրաժեշտ էր: Արդյոք այս համակարգը տվեց այն արդյունքները, որին մենք սպասում էինք։ Իրավամբ պետք է ասենք, որ այո, այն սպասված արդյունքներն ըստ էության տվել է: Եւ երրորդ ամենակարևորագույն հարցը. արդյոք այստեղ բոլոր խնդիրները լուծվա՞ծ են: Պիտի ասենք, որ ոչ լուծված չեն»,-շեշտեց նախարարը:
ՀՀ վարչական դատարանի 5-ամյակին նվիրված գիտաժողովին, որը «Վարչական արդարադատության արդի մարտահրավերները և զարգացման ուղիները» թեմայով էր, ներկա էին ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորներ, ոլորտի մասնագետներ: