«Արմավիան» կրկին պարտք է
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը պարտավորվել էր մինչեւ դեկտեմբերի 26-ը մարել «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական ընկերության պարտքը՝ մոտ 100 մլն դրամ, սակայն պարտքը շարունակում է ավելանալ։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում։ Եւ այլեւս չգիտեն խնդրի լուծումը որտեղ փնտրել։
««Արմավիան» ազգային փոխադրողից վերածվել է կեղեքիչի, որը կեղեքում է մեզ»,- նշում է պարոն Մանուկյանը։
Ավիաօդերեւութաբանական ընկերությունը ինքնաթիռների անձնակազմին օդերեւութաբանական տեսություն է ներկայացնում։ Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր թռիչքի դիմաց «Արմավիա»-ն կենտրոնին պարտավոր է վճարել 33 հազար դրամ։
Ավիաօդերեւութաբանական ընկերությունը իր գործունեությունը իրականացնում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։
«Այժմ մենք տարածքի վարձի խնդիր ունենք, պարտքը կուտակվում է, սակայն չենք կարող թռիչքները տապալել»,- «Ա1+»-ին հայտնեց Պավել Մանուկյանը։