Կհատվի 5000 ծառ, տանիքից կզրկվի 12 ընտանիք (տեսանյութ)
25 տարվա ընթացքում Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների կողմից կանաչապատված ու բնակելի դարձրած մոտ 5 հա տարածքին սպառնում է ոչնչացում: «Ագրոհոլդինգ» ընկերությունը մտադիր է այստեղ քարի մշակման գործարան կառուցել:
«Շուրջ 5000 հատ ծառ կա տնկած: Իրենք որոշել են այս մակերեսն ամբողջությամբ հարթացնեն, այս ծառերը հատեն»,- ասաց Նոր Նորքի բնակիչներից Գագիկ Շարոյանը:
Այստեղ ապրում են 12 ընտանիք: Բնակիչներից մեկն էլ Գագիկ Շառոյանն է: Իր տունը կառուցել է 2007 թվականին: Ասում է, որ գործարանի սեփականատիրոջը հանդիպել է ընդամենը մեկ անգամ: Միակ բանը որ բնակիչները լսել են նրանից, հետևյալն է: «Սեփականատերը` Գոռ Խեչոյանն ասում է` սա ինձ համար ոչ մի բան չի նշանակում: Դուք ձեր տները պիտի վերցնեք, այստեղից գնաք»,- պատմում է Գագիկ Շառոյանը:
Բնակիչների խոսքերով ` 2001- 2011թ.-ն անընդմեջ դիմել են քաղաքապետարանին` այս հողատարածքը սեփականաշնորհելու համար: Ասում են, դրա իրավունքն ունեն, քանի որ 10 տարուց ավելի մշակում են այս հողը: Քաղաքապետարանի պատասխանները տարբեր են եղել և այդպես էլ սեպականաշնորհման իրավունք չեն ստացել: Դրա փոխարեն 2011 թվականին այստեղ հայտնվել է «Ագրոհոլդինգ» ընկերությունը և բնակիչներին հայտարարել, որ այս տարածքը պատկանում է իրեն:
Բողոքի ակցիային բնակիչները հրավիրել էին նաև իրենց վարչական շրջանից հանրապետական պատգամավոր Սամվել ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Եկել էր միայն պատգամավորը: Խոստացավ այս հարցը բարձրացնել ԱԺ-ում:
«Իհարկե տնտեսության զարգացումը շատ կարևոր է, բայց երբ այդ ամենն արվում է քաղաքացիների իրավունքների ոտնահարման հաշվին, դա նույնիսկ գրոշի արժեք չունի»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց պատգամավորը:
Ի դեպ, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն Նոր Նորքի 7-րդ զանգվածի այս բնակիչներին իրենց իսկ տներից տարհանելու պահանջով դիմել է Նոր Նորքի վարչական դատարան, որտեղ են հունվարի 30-ին կկայանա այս գործով առաջին լսումը: