Մեղրաձորցիները կհավաքվեն Նախագահականի դիմաց
Մեղրաձոր գյուղի բնակիչները եւ «Մեղրաձորում ոչ ցիանիդին» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, բողոքի ակցիա կանցկացնեն Նախագահական նստավայրի դիմաց` ընդդեմ Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման: Նախագահին ուղղված նրանց դիմումի տակ ստորագրել է 500 մեղրաձորցի: Դիմումում մասնավորապես ասված է
«Մենք գիտենք այն վտանգների մասին, որոնք սպասվում են Մեղրաձորին, եթե այդ նախագիծն իրականացվի, թեպետ ընկերությունը եւ նախագծողը փորձում են մեզ խաբել` ասելով, որ ցիանային արտադրությունն անվտանգ է: Նատրիումի ցիանիդը, որը պետք է օգտագործվի արտադրության մեջ, մտնում է ամենավտանգավոր նյութերի ցուցակի մեջ, այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոնացված ճամբարներում օգտագործվել է մարդկանց զանգվածային թունավորման համար: Իսկ այժմ այն պատրաստվում են օգտագործել մեզ մոտ` Մեղրաձորում:
Արտադրության յուրաքանչյուր փուլը սպառնում է վտանգով` տեղափոխման, պահպանման, լուծույթների պատրաստման, ոսկու կորզման ընթացքում: Նատրիումի ցիանիդը բարձ տոքսիկ տարր է: Մարդու համար մահացու չափաբաժինը 0,1 գրամն է: ՍԹԿ-ն աշխատանքային գոտու օդում 0.3 մգ/մ3. է, իսկ մթնոլորտում` 0,01մգ/ մ3, ջրում` 0,1մգ/լ: Իսկ նախագծում ռիսկերի մասին ոչինչ չկա: Գրում են, որ դա փակ շրջանառու համակարգ է, թեպետ հայտնի է, որ բացարձակ փակ շրջանառու համակարգեր չեն լինում: Կա մարդկային գործոն, տեխնիկական գործոն եւ, վերջապես, վթարի գործոն: Եթե որեւէ գործոնն աշխատի, ապա նախագծային փակ շրջանառու համակարգը կվերածվի աղետի»:
«Եթե ֆաբրիկան կառուցվի, ապա թափոնների ծավալը կաճի, եւ առկա ռիսկերը Մեղրաձորի համար բազմիցս կավելանան: Սակայն նախագիծը Առողջապահության նախարարություն նույնիսկ չեն ուղարկել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` առողջության համար ազդեցության գնահատումը պարտադիր է:
Մի քանի տարի անց Մեղրաձորի հանքը կփակվի, ընկերությունը կհեռանա, իսկ Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտին կվերածվի մեռյալ գոտու, ինչն իր հետեւից կբերի զանգվածային արտագաղթ:
Խնդրում ենք Ձեզ` որպես օրինականության եւ Սահմանադրությամբ ամրագրված առողջության եւ առողջ շրջակա միջավայրի մեր իրավունքի երաշխավորի, կանգնեցնել վտանգավոր նախագիծը, որը սպառնում է Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտու գոյությանը, համայնքների գյուղատնտեսական գործունեությանը եւ տվյալ տարածքում մեր հետագա բնակվելուն»,-ասված է դիմումում։