«Վճռաբեկը նախադեպային որոշում է կայացրել» (տեսանյութ)
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործի լսումն այսօր ավարտվեց դեռ չսկսված:
Գործով մյուս ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը եւ նրա պաշտպան Մարինե Թովմասյանը չէին ներկայացել դատարան:
Մեղադրող Ալիկ Աբրահամյանն Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր պետք է ընթերցեր մեղադրական ճառը:
Նախորդ դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդել էր դատական նիստը հետաձգել, քանի որ Վճռաբեկ դատարանի վարույթում նմանատիպ այլ գործ էր գտնվում, որի վճիռը կարող էր նախադեպ հանդիսանալ իրավապաշտպան Արման Վեզիրյանի եւ քաղաքացի Տիգրան Մանուկյանի գործի համար:
Վճռաբեկ դատարանն արդեն որոշում է կայացրել:
«Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ մեկնաբանել է քրեական օրենսգրքի 118 հոդվածը եւ մասնավորապես մեկնաբանել է, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել»,- ասաց պաշտպան Անի Թորոսյանը։
Ուստի, ըստ պաշտպանի, Վճռաբեկ դատարանի որոշման տրամաբանությունից ելնում է, որ գործում հանցակազմ չկա եւ չի կարող որակվել` 118 հոդվածի հատկանիշներով:
Արման Վեզիրյանը մինչ օրս պնդում է, որ անմեղ է եւ որեւէ մեկին չի հարվածել:
Հիշեցնենք, որ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 30-ին նախընտրականք արոզարշավիընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով։ Այս գործում տուժող կողմ չկա;
Ի դեպ, դատական նիստից հետո բակում հայտնվեց գործով մյուս ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ իրեն ծանուցել էին, թե նիստը տեղի է ունենալու ժամը 16.00-ին:
Դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին` ժամը 10.30-ին: