Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկանք ընտրախախտումների վերաբերյալ

Հասարակություն

Գլխավոր դատախազությունը հրապարակել է տեղեկանք,որում արտացոլված են Հայաստանի Հանրապետության գլխավոր և զինվորական կենտրոնական, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազություններում մուտք եղած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներն ու դիմումները, ինչպես նաև` դրանց վերաբերյալ դատախազության կողմից ուսումնասիրված լրատվության միջոցներում տպագրված նյութերը.

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 8-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում: Օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն:

2. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:
3. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 17:25-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս, պատճառաբանելով իր զբաղվածությունը, հրաժարվել է ներկայանալ:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 15-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:

Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն£
5. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին£
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում£
6. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հայարփի Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը, մանավորապես` շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

Հաղորդման շուրջ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն` մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը և հեռացել:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու` 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:
Հայարփի Նորեյանը և մյուսները ծանուցագրով հրավիրվել են բաժին, սակայն 2013թ. հունվարի 25-ի դրությամբ նրանք դեռևս չեն ներկայացել բացատրություններ տալու:

Այսպիսով` ստացվել է 6 հաղորդում, այդ թվում` 1 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից,
Ստացված 6 հաղորդումից`
3-ին տրվել է պարզաբանում,
3 հաղորդման քննարկումն ընթացքում է:

Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության աշխատանքային խումբը։