Վիեննայի ֆիլհարմոնիկը կկատարի ՀՀ հիմնը (տեսանյութ)
Այսօր «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի` 14-րդ համերգաշրջանը կբացվի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:
Այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին։ Ծրագրում կհնչեն Ֆրանց Շուբերտի եւ Յոհաննես Բրամսի գործերից:
Որպես անակնկալ` Վիենայի ֆիլհարմոնիկ նվագախումը կկատարի նաեւ ՀՀ օրհներգը:
«Պետք է ասել, որ բոլոր մեծերի մեջ սա ամենաբարձրներից մեկն է եւ ես ուրախ եմ, որ մեր հանդիսատեսը հնարավորություն ունի շփվելու այսպիսի բարձրագույն արվեստի հետ»,-ասում է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Նվագախումբը ղեկավարելու է 11 «Գրեմմի» պարգեւների արժանացած ամերիկացի դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը։ Համերգի մենակատարն է հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը։
«Երբ 13 տարեկան էի, ես նվագել եմ Արամ Խաչատրյանի համար: Ես դաշնամուր եմ նվագել, այդ ժամանակ փոքրիկ դաշնակահար էի: Դա իմ կյանքի առաջին ու վերջին կապն էր հայ երաժշտի հետ: Հետագայում ԱՄՆ-ում շատ հաճախ նվագել եմ Խաչատրյանի գործերից»,- ասում է դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասը:
Նշենք, որ մինչ երեկոյան համերգը սկսելը, 130 երաժիշտներից բաղկացած ֆիլհարմոնիկ նվագախումբը այցելեց Էջմիածին: Առավոտյանը գլխավոր փորձի ժամանակ դահլիճը լեցուն էր։
Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից մեկն է եւ հիմնվել է1842-ին: Նրա հետ աշխատել են ականավոր դիրիժորներ եւ կոմպոզիտորներ Ռիխարդ Վագները, Ջուզեպպե Վերդին, Անտոն Բրուքները, Յոհաննես Բրամսը, Ֆերենց Լիստը, Գուստավ Մալերը։