«Գրքերի փոխանակում» ՝ ցանցից դուրս (տեսանյութ)
«The Club» ակումբում այսօր մի խումբ ուսանողներ գրքերի փոխանակում արեցին։
«Խումբ կա Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ «Գրքերի փոխանակում», հենց էնտեղով էլ պայմանավորվել ենք, որ կարելի է հանդիպել ցանցից դուրս, քանի որ մինչ այդ քննարկումները լինում էին օնլայն տարբերակով։ Ամեն մեկը մի գիրք է բերում կամ մեկից ավել, լինում է նաև, որ նախապես պայմանվորվում են, թե ինչ գիրք են ցանկանում ընթերցել՝ պայմանավորվում են և հենց այդ գրքերն են բերում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Գրքերի փոխանակում» միջոցառման կազմակերպիչներից 17-ամյա Անի Ասատրյանը։
«Գրքերի Փոխանակում»-ը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Երիտասարդները հիմնականում փոխանակում են ժամանակակից հեղինակների գրքեր. «Հիմա կարծես մի քիչ նորաձև է ժամանակակիցներին կարդալը, բայց լինում են նաև դասականներ։ Օրինակ՝ ես այսօր բերել են փիլիսոփայության մասին գիրք, իսկ հեռանալու եմ Աննա Ֆրանկի գրքով»,-նշեց 19-ամյա Ռոզի Աղաջանյանը։
Միջոցառման մասնակիցներն ընդգծեցին, որ գրքերի փոխանակումը նաև հիանալի առիթ է նոր ընկեր ձեռք բերելու, մտքեր փոխանակելու և նոր գրքեր ունենալու համար։ «Միջոցառման նպատակն էլ հենց դա է։ Մենք հնարավորություն են ընձեռում նաև գրքերը փոխանակել ժամանակավոր կամ ընդմիշտ։ Մեր միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակումների և բերել ամենատարբեր գրքեր»,-ասաց կազմակերպիչներից Ռազմիկ Պետրոսյանը։