Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկանցից ոչինչ չակնկալեք»

Հասարակություն
42123e2c57b7928adfdf6dd256e4d5f7

Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը` Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը` Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը` Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը` Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը` Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը` Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը` Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը` Տ. Օշին քահանա, Արմեն սրկ. Սահակյանը` Տ. Դերենիկ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:

Խոսքն ուղղելով քահանաներին` ձեռնադրող Սրբազանը պատգամեց. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով և ամենակարևորը` Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջև փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում` «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում։