Դիահերձման գները՝ 10-54հազար դրամ
Այսօր կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Օրակարգում չափազանց կարևոր հարց էր` «Ախտաբանաանատոմիական ծառայության ներկա վիճակը, գործունեության վերլուծությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
ՀՀ ԱՆ գլխավոր ախտաբանաանատոմ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց Երևանում և մարզերում այդ ծառայության վիճակը։
Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանում գործող ախտաբանաանատոմիական 10 բաժանմունքի 80%-ը կարիք ունի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգման: Մի շարք ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չկան այդ ծառայության բաղադրիչ հանդիսացող հյուսվածքաբանական լաբորատորիաներ, և անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժհաստատության ընդհանուր լաբորատորիայի հյուսվածքաբանի ծառայություններից: Եղած լաբորատորիաների մի մասն էլ խիստ կարիք ունի սարքավորումերի, ինչպես նաև հետազոտության մեթոդների և աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և ունակությունների արդիականացման:
Լաբորատորիաներն ապահովված չեն անհրաժեշտ լաբորատոր ներկերով, ռեակտիվներով և բավարար քանակությամբ նյութերով: Լուրջ խնդիր է ծառայությունը երիտասարդ մասնագետներով համալրելը, մինչդեռ ախտաբան-անատոմների և հյուսվածքաբանների միջին տարիքը գերազանցում է 55-ը։
Լուրջ մտահոգության տեղիք տվեց այն փաստը, որ մայրաքաղաքի ախտաբանաանատոմիական որոշ կենտրոններում անգամ տեղյակ չեն, որ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին ախտաբանական ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում։ Իսկ այնտեղ, որտեղ իրականացվում են անվճար ծառայություններ` սահմանափակվում են լաբորատոր հետվիրահատական հյուսվածքների և օրգանների հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններով: Խիստ տարբեր են վճարովի ծառայությունների սահմանված գները. դիահերձման գները Երևանում տատանվում են 10-ից մինչև 54 հազար դրամ: Երևանի միայն երեք կենտրոնում են պետպատվերի շրջանակներում ախտաբանաանատոմիական դիահերձումներ կատարվում, այն էլ` քիչ 2-3 դեպքում:
Զեկուցողն ընդգծեց հատկապես պերինատալ ախտաբանաանատոմիական ծառայության կարևորությունը։ Երևանում այն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ի հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնում և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում: Նշվեց, որ առաջինում ստեղծված են եվրոպական չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները, որոնք կենտրոնի փորձառու մասնագետներին հնարավորություն են տալիս պերինատալ մահերի դեպքում պահանջվող ճշգրիտ հետազոտությունների միջոցով անսխալ որոշել մահվան պատճառները։ Այստեղ բոլոր մահերը ենթարկվում են կլինիկաախտաբանաանատոմիական հետազոտության և վերլուծության։ Կենտրոնի յոթ բժիշկ-ախտաբանաանատոմները ժամանակակից սարքավորումներով տարեկան տասնյակ հազարների հասնող հյուսվածքաբանական, հիստոքիմիական, մանրէաբանական, բջջաքիմիական լաբորատոր հետազոտություններ են իրականացնում, որոնք շատ կարևոր են ոչ միայն մահվան պատճառը, այլև հիվանդների ախտորոշումն ու բուժումը ճշտելու համար։
Գլխավոր մասնագետը նշեց, որ այսօր մարզերում, ցավոք, մանկական ախտաբանաանատոմիական ծառայություն չի իրականացվում։ Ընդհանրապես մարզերում այս ծառայության բարելավման անհրաժեշտությունն առավել հրատապ է։ Գործող 32 կենտրոնների մի զգալի մասը կարիք ունի վերանորոգման, շատերում թե մասնագետների, թե սարքավորումների պակաս կա։
Դերենիկ Դումանյանն առաջարկեց վեց ամիս հետո կրկին անդրադառնալ հարցի քննարկմանը` ամփոփելով կատարված աշխատանքը։