ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը (տեսանյութ)
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը բաց նամակով դիմել է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Այս մասին հայտնում է «Հետքը»
Հարգելի պրն Գասպարյան,
Լրատվամիջոցներում հայտնվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.
1. Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:
2. Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:
3. Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:
4. Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX.com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:
Կանխավ շնորհակալություն,
«Հետք» թերթի խմբագիր՝ Էդիկ Բաղդասարյան
Հիշեցնենք, որ տեսանյութում Արմեն Մարտիրոսյանը, զայրացած դիմելով մեքենայում գտնվող ոստիկանին, ասում է. «Սպասե՛ք, որ հեսա մի տարի հետո... ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»: