Երեխաների թերաճությունը նորմայից բարձր է
Այսօր Երեւանում մեկնարկեց չորսօրյա աշխատաժողով՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ալբանիայում մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ թերաճության խնդիրների վերաբերյալ:
Հայաստանում, ըստ վերջին վիճակագրական տվյալների, կա 19 տոկոս թերաճություն, որն ամենաբարձրն է վերը նշված երկրների մեջ:
Մասնագետները նշում են, որ սա նորմայից 8 տոկոս բարձր ցուցանիշ է Հայաստանի համար:
«19 տոկոս երեխաների մոտ հասակը ավելի կարճ է իրենց տարիքի համեմատ: Պատճառը Հայաստանում մայրերի գիտելիքների ոչ պատշաճ մակարդակն է եւ հմտությունները, թե ի՚նչպես ապահովել իրենց երեխաների ճիշտ սնուցումը, ի՚նչ պետք է երեխաներին տալ մինչեւ 6 ամսեկանը եւ դրանից հետո»,-ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի առողջության եւ սնուցման ծրագրերի ղեկավար Լիանա Հովակիմյանը:
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ թերաճությունը ավելի շատ տարածված է Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում:
«Մենք տեսնում ենք, որ երեխայի աճի տեմպերը բավարար չեն այն պատճառով, որ ոչ թե չկա սնունդ, այլ նրա համար, որ չգիտեն ճիշտ սնուցման ձեւը: Այսինքն՝ երեխան ստանում է որոշակի սննդատեսսկներ՝ ածխաջրածիններ, շիլաներ, շատ ալյուր պարունակող սննդատեսականեր, իսկ այն ինչ, որ երեխայի աճի համար անհրաժեշտ է սպիտակուցն է»,-ասում է Կարինե Սարիբեկյանը:
Աշխատաժողովի ընթացքում Կարինե Սարիբեկյանը քննարկման ներկայացրեց նաեւ առողջապահության նախարարության պատրաստած ծրագիրը, ըստ որի, պետք է աշխատանքներ տարվեն բուժաշխատողների, ծնողների եւ մանկապարտեզների հետ՝ երեխաների ճիշտ սնուցման համար: