Կաթնամթերքը թանկացել է (տեսանյութ)
Վերջին երկու օրերվա ընթացքում «Մարիաննա» եւ «Աշտարակ-կաթ» ընկերությունները իրենց կաթնամթերքի գները թանկացրել են 8-ից 10 տոկոսով։
«Միանգամից այդպիսի կտրուկ թանկացում, դա անընդունելի է Հայաստանի համար։ Չնայած համարվում է, որ նրանք մենաշնորհ չունեն, սակայն իրենք արտադրանքի մեծ ծավալներ ունեն եւ թելադրում են գները»,- «Ա1+»-ին ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա խոսքերով՝ ցանկացած թանկացում մարդու իրավունքների ոտնահարում է եւ ՏՄՊՊՀ-ն պարտավոր է պարզել թանկացման պատճառները։
Պարոն Չիլինգարյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ մեր երկրում ընտրություններից հետո միշտ թանկացումներ են լինում.
«Դա պաշտոնապես ոչ- ոք չի բացատրում»։
«Աշտարակ- կաթ» ընկերությունն այսօր խոստացավ կաթնամթերքի գնի բարձրացման վերաբերյալ պարզաբանում տալ երկուշաբթի, իսկ «Մարիաննա» ընկերությունում ոչ աշխատանքային օր էր։
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ գյուղացիները չեն բարձրացրել կաթի գինը, այսինքն` այդ ընկերությունները կաթը մթերում են նույն գնով։