Մեկնարկեց ԲարՔեմփ Երևան 2013-ը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 կոնֆերանսին։
Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։
Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երևան կայցելեն նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաև ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը և Միխայիլ Դունաևը: Հյուրերը դասախոսություններ կկարդան և վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:
ԲարՔեմփ Երևան 2013-ի հովանավորներն ու աջակիցներն են, Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը, SFL ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում՝ www.barcamp.am: Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում հետևելով` @barcampam և գրառումներ անելով #barcampevn13 հեշթեգով:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։