Կարեն Գրիգորյանը գլխավորում է աղյուսակը
Չեռնոգորիայի Բուդնա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից հաջող են հանդես գալիս ավագ տարիքի շախմատիստները:
18 տարեկան շախմատիստների մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Մեր մյուս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 4-րդ հորիզոնականում է, իսկ առաջին կարգային Արման Միքայելյանը` 5-րդ:
Հաջող է հանդես գալիս նաեւ 10-ամյա Արմեն Բարսեղյանը, որը 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր, զբաղեցնում է 5-րդ տեղը եւ ընդամենը կես բալով է ետ մնում երկու առաջատարներից:
Աղջիկներից լավագույն արդյունք ցույց են տվել 12-ամյա Մանե Դավթյանը եւ 16-ամյա Անի Հարությունյանը, որոնք ունեն 4,5-ական միավոր եւ շարունակում են պայքարել մրցանակային տեղերի համար:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի վաղը, հոկտեմբերի 8-ին: