Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 26-ին Բրյուգեի Եվրոպայի քոլեջում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն «Ինչու եմ լավատես Եվրոպայի ապագայի հարցում» խորագրով ելույթում անդրադարձել է երեք ժամանակահատվածի՝ աշխարհը 30 տարի առաջ, աշխարհն այսօր և աշխարհը 30 տարի անց։
Աշխարհը 30 տարի առաջ․ հույսի և ընդլայնման ժամանակաշրջան
Ստուբը ելույթը սկսել է իր ուսանողական տարիների հիշողություններից։ Նա Եվրոպայի քոլեջում սովորել է 1994-1995 թվականներին՝ հենց այն ժամանակ, երբ Ֆինլանդիան, Շվեդիան և Ավստրիան միացել էին Եվրամիությանը։ Սառը պատերազմի ավարտին հաջորդած այդ շրջանը նա բնորոշել է որպես հույսի և լավատեսության ժամանակաշրջան՝ հիշատակելով Բեռլինի պատի անկումը, Խորհրդային Միության փլուզումն ու ժողովրդավարական փոփոխությունները։
Նրա խոսքով՝ այն ժամանակ Եվրոպայի օրակարգում էին ԵՄ ընդլայնումը, միասնական արժույթը, ինստիտուցիոնալ փոփոխություններն ու ժողովրդավարական բարեփոխումները։ Այսօրվա համեմատ՝ Միության առջև ծառացած խնդիրները հիմնականում վերաբերում էին քաղաքականությանը, լիազորություններին և ֆինանսներին, ոչ թե պատերազմին։
Միաժամանակ, Ստուբն ընդգծել է, որ անցած երեք տասնամյակները զերծ չեն եղել ճգնաժամերից՝ անդրադառնալով եվրոյի ճգնաժամին և Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն։ Նրա գնահատմամբ՝ չնայած այդ դժվարություններին՝ Եվրոպան կարողացել է պահպանել միասնությունն ու ամրապնդվել։
Աշխարհն այսօր․ անվտանգության սպառնալիքներ և համագործակցության ճգնաժամ
Անդրադառնալով ներկային՝ Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ Եվրոպան բախվում է Ռուսաստանից եկող անվտանգության սպառնալիքին և ԱՄՆ-ից եկող քաղաքական ճնշմանը։ Միաժամանակ՝ նա գնահատել է, որ Եվրոպան այսօր, հավանաբար, ավելի միասնական է, քան երբևէ, և շարունակում է աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ստուբի գնահատմամբ՝ միջազգային միջավայրում համագործակցությանը գնալով փոխարինում են հակամարտություններն ու գործարքային հարաբերությունները, իսկ առևտուրը, էներգետիկան և տեխնոլոգիաները, որոնք պետք է միավորեին երկրներին, օգտագործվում են նաև որպես ճնշման գործիքներ։ Այնուամենայնիվ, նա ուսանողներին կոչ է արել չտրվել հոռետեսությանն ու հուսահատությանը՝ ընդգծելով, որ ապագան փոխելու գործում նրանք ևս դեր ունեն։
Աշխարհը 30 տարի անց
Նա ներկայացրել է 30 տարի անց Եվրոպայի իր տեսլականը՝ խոսելով ԵՄ ընդլայնման և մոտ 40 անդամ երկիր ունեցող Միության մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ անդամակցության հեռանկարը կախված կլինի երկրի հետագա զարգացումից։
«Ընդլայնումը ԵՄ-ի ամենակարևոր արտաքին քաղաքականությունն է։ Իմ տեսլականն այն է, որ այս պահից 30 տարի անց Եվրամիությունը կունենա մոտ 40 անդամ երկիր։ Դա աշխարհի ազգային պետությունների 20 տոկոսն է։ Անդամակցության կառուցվածքները տարբեր կլինեն, ինչպես արդեն այսօր է։ Ոչ բոլորն իրենց արժույթը կունենան եվրոն։ Բայց խումբը զգալիորեն ավելի մեծ կլինի, քան այսօր։ Անձամբ ես կցանկանայի Միության կազմում տեսնել Արևմտյան Բալկանների բոլոր երկրներին, Ուկրաինային և Մոլդովային։ Բնականաբար, կցանկանայի Միության կազմում տեսնել Իսլանդիային, Նորվեգիային, Շվեյցարիային և Միացյալ Թագավորությանը։ Կանադան առնվազն ասոցացված անդամ կլինի։
Իսկ մյուս երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեպքում դա կախված կլինի նրանից, թե ինչպես նրանք կզարգանան։
Այս ամենը հավակնոտ, նույնիսկ անիրատեսական տեսլակա՞ն է թվում։ Գուցե։ Բայց կրկին՝ մտածե՛ք աներևակայելին։
Կարծո՞ւմ եք՝ ԵՄ հիմնադիրները մտածում էին, որ այսօր մենք կունենանք 27 անդամ պետություն։ Կարծո՞ւմ եք՝ ղեկավարները նույնիսկ 30 տարի առաջ մտածում էին, որ ԵՄ անդամների թիվը կկրկնապատկվի։ Կարծո՞ւմ եք՝ նրանք մտածում էին, որ մենք կունենանք միասնական արժույթ։ Կամ որ ԵՄ-ն կդառնա աշխարհի ամենաինտեգրված տարածքը՝ առևտրի, մրցակցության, մաքսային և դրամավարկային քաղաքականության ոլորտներում բացառիկ իրավասություններով։
Կարծո՞ւմ եք՝ նրանք մտածում էին, որ ԵՄ-ն կդառնա խոշոր աշխարհաքաղաքական դերակատար։
Ասելիքս այն է, որ տեսլականները միշտ մեծ են լինում։ Եվ երբ դրանք ներկայացնում ես 30 տարի առաջ, դրանք հաճախ անիրատեսական են հնչում։ Առանց չափազանց դետերմինիստական լինելու՝ վստահորեն կարելի է ասել, որ մի ոլորտում ինտեգրումը մեկ այլ ոլորտում ինտեգրվելու ճնշում է առաջացնում։ Դա է ինտեգրման տրամաբանությունը։ Անկանխատեսելի իրադարձությունները, աշխարհակարգի մեծ փոփոխությունները և, այո՛, ճգնաժամերը մեզ ավելի են մոտեցնում միմյանց։
Ուստի ակնկալե՛ք, որ առաջիկա 30 տարում ԵՄ-ն թե՛ կխորանա, թե՛ կընդլայնվի։ Արդյոք ամեն ինչ հա՞րթ կընթանա։ Իհարկե՝ ոչ։ ԵՄ-ն հաճախ առաջ է շարժվում երեք փուլով՝ ճգնաժամ, քաոս և ոչ օպտիմալ լուծումներ»,-ասել է նա։
Եվրոպական անվտանգության հարցում Ստուբը կարևորել է այնպիսի համակարգի ձևավորումը, որը թույլ չի տա Ռուսաստանին կրկին հարձակվել հարևանների վրա։ Իսկ ուսանողներին ուղղված նրա ընդհանուր կոչն է եղել՝ պահպանել քննադատական ու ինքնուրույն մտածողությունը և չհամարել Եվրոպայի ապագան կանխորոշված։