Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիզաների դյուրացումից արտագաղթը չի աճի

Հասարակություն
42aeab126d158d7d8f985d330e0b0378

Վիզաների դյուրացման արդյունքում ԵՄ անդամ երկրներ մուտքը 60 եվրոյից կդառնա 35 եվրո, իսկ ոմանց համար էլ՝ անվճար։ Այս մասին այսօր տեղեկացրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումներում։ Անվճար վիզա կարող են ստանալ թոշակառուները, տասներկու տարեկանից ցածր երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցողները, պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսում ունեցող անձինք, բուժման նպատակներով ճամփորդող և նրանց ուղեկցող անձինք, լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի անդամները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները, գործարարները, պետական պաշտոնյաները, մարդասիրական նկատառումներով ներկայացած անձինք և մի շարք այլ խմբեր։

Հայաստանի և Եվրոպական միության միջև «Վիզաների տրամադրման դյուրացման մասին» համաձայնագիրը ԵՄ-ի հետ քննարկվել է Ասոցացման համաձայնագրի շրջանակներում։ Մաքսային միությանը անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի խոստումից հետո, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, Հայաստանը հայտնվել է բավականին ծանր վիճակում.
«Սա որոշակի արգելակում է, բայց չեմ կարծում, որ ճանապարհը փակ է, դրա համար էլ կարևորում եմ այս համաձայնագրերի ընդունումը: Մեծ է այս հարաբերություններում քաղաքացիական հասարակության դերը և, ի վերջո, հասարակությունն է այն լոկոմոտիվը, որը տանում է իշխանությանը այս կամ այն որոշման: Մեր հասարակությունը ունի ավանդույթներ՝ համամարդկային արժեքները կրելու, որոնք այսօր եվրոպական են համարվում և վստահ եմ, որ փոխադարձ այցելությունները կբերեն այն գիտակցման, որ ավելի նպաստավոր կլինի գնալ դեպի ժողովրդավարություն, ոչ թե փորձենք կառչել ուժային պետություններից, որոնցից կառչած ենք եղել վերջին հարյուրամյակներում»,- ասաց նա:

Քննարկման մասնակիցները նաեւ պարզաբանեցին, որ վիզաների դյուրացումը չի նպաստի արտագաղթին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւս մեկ անգամ կոչ է անում հասարակությանը չշփոթել վիզաների դյուրացումն ու ազատականացումը։ Այս պայմանագրի հետեւանքով մարդիկ ամենեւին էլ չեն սկսի փախչել երկրից՝ ասաց նա.«Եթե մարդ ազատ գնա գա Եվրոպա, չի նշանակում՝ իրա տուն ու տեղը կծախի՝ կփախչի»։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելացնում է՝ այսօր վիզաներ ստանալը դժվար գործընթաց է, բայց երկրի սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով արտագաղթի տեմպերը չեն նվազում։
«Եվ քանի դեռ մենք չենք կարողանում լուծել մեր գլոբալ հիմնախնդիրները , մեզ ոչինչ էլ չի օգնի»։

Իսկ ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով փորձագետ Էլեոնորա Վերգերը վստահ է վիզաների տրամադրման դյուրացումը կօգնի բարձրացնել օրինական շարժունակությունը, և պայքարել անօրինական միգրացիայի դեմ.«Անկախ նրանից, թե որ կատեգորիայի մեջ է մտնում դիմողը, նա անպայման պետք է ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նախկինում։ Պետք է ապացուցի, որ ինքը հետ է վերադառնալու հայրենիք, այսինքն` այս կետը անփոփոխ է մնալու»։