Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օծում՝ Նավասարդ Կճոյանի ձեռամբ

Հասարակություն

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի Ջրաշեն գյուղում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու հիմքի 16 քարերը:

«Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացանք, որ եկեղեցու կառուցման համար ոտքի է կանգնել ողջ գյուղը՝ այս արգասաբեր հողի արժանավոր զավակները, ովքեր իրենց ճակատի քրտինքն են խառնում հայրենական ոստանի ու եկեղեցու հետ: Մեր ժամանակներում այս զոհողությունը յուրատեսակ հերոսություն է, քանզի ով անանձնական կյանք է վարում, աջակցում է հայրենիքին, Եկեղեցուն, նա՛ է հերոսը: Հերոս է այն իմաստով, որ գիտի զիջել ու ազգին ընծայել գիտի, քանզի նա, ով իր ունեցածից կամավորապես կնվիրաբերի ազգին, ազգո՛վ էլ կբարձրանա, նա՛, ով իր բարիքներից կզոհի հոգևոր, անանց արժեքների համար, կարժանանա հավիտենական բարիքների ու փառքի: Հիշեցե՛ք, ով Աստծուն բաժին կհանի Աստծու տված ժամանակից, կարողությունից և լիությունից, նա՛ էլ կարժանանա Աստծո զավակ կոչվելուն»:

Հիմնարկեքի արարողությունից հետո Տ. Նավասարդ Սրբազանը այցելեց Բարձրաշեն
համայնք: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Բարձրաշենի գյուղապետն ու գյուղի դպրոցի տնօրենը Սրբազան Հորը ուղեկցեցին դեպի այն վայր, որտեղ արդեն փորվել են այս գյուղի ապագա եկեղեցու հիմքերը:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց նաև Հովտաշեն համայնք, որտեղ եկեղեցու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Սրբազան Հայրը օրհնեց շինարարներին, ում ջանքերով եկեղեցին շուտով կհանձնվի հավատավոր ժողովրդին:
Նույն օրը օծվեց նաեւ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու Մկրտության ավազանը, եկեղեցու խաչվառը, որի վրա Ս. Հարության տեսարանն է պատկերված: Խաչվառը Հայ Եկեղեցում Հաղթանակած Աստծո դրոշն է համարվում:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան