Ինչպես է փոխվում պատմությունը թուրքերի ձեռքով
Թուրքական պաշտոնական պատմագրության մեջ հայկական հարցի, հայոց ցեղասպանության մեկնաբանման հայեցակարգը շարունակում է մնալ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի 1927թ. հայտնի «Նութուխ» ելույթը։ Անդրադառնալով հայկական հարցի լուսաբանմանը՝ այսօր ԳԱԱ-ում կազմակերպված «Թուրքիայի հանրապետության 90 տարին. Աթաթուրքից՝ էրդողան» միջազգային գիտաժողովում նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։
«Ելույթի հիմքը ժխտողականությունն է, թուրք ժողովրդին, թուրք պետությունը մեղավոր չճանաչելն է, այլ հայերի, արտաքին ուժերի մեղավորությունը տեսնելը, որին Քեմալը իմպերիալիստական ուժեր է համարում»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը։
Ըստ թուրքագետի, այսօր Թուրքիայում կա ևս մեկ պատմագրություն, ոչ պաշտոնական, որը այլընտրանքային տեղեկատվության հնարավորություն է տալիս։
«Պատմաբաններ, լրագրողներ կան, որոնք ազգային պատմության բոլորովին այլ տեսակետներ են ներկայացնում։ Ահմեդ Դավութօղլուն, որը ջատագովն է հայ և թուրք պատմաբանների երկխոսության, 2009թ. ելույթ ունենալով Ամերիկյան կոնգրեսում՝ հայկական բանաձևերի ընդունումից հետո, ասաց, որ իր համար 1915թ. մեծ ողբերգություն է, մեծ աղետ է, որը երկու ժողովուրդների համահավասար աղետն է, և նշեց, որ իր համար 1915թ. ոչ միայն հայերի տեղահանությունն է, որը ստիպված արեց կառավարությունը, այլ նաև Դարդանելը, որտեղ 250 հազար թուրք կամ մուսուլման զինվոր մահացավ։
Այսինքն, կրկին փորձ է արվում հիմա արդեն միանշանակ չժխտելով փաստը՝ փորձել կշեռքի մի նժարի վրա դնել այդ երկու իրադարձությունները»,- ասաց թուրքագետը։