Երկրաշարժի հետքերը դեռ չեն վերացել
25 տարի առաջ երկրաշարժի հետեւանքով ավերված Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը մինչեւ հիմա չունի իր շենքը: «Շիրակ» հայրենակցական միության վարչության անդամները որոշել է լուծել այդ խնդիրը:
Դպրոցի նոր շենքի կառուցման եւ վերանորոգման համար դեկտեմբերի յոթին Գյումրիի քաղաքային պատկերասրահում ցուցահանդես կանցկացվի:
Գեղանկարիչ Սամվել Սեւադայի խոսքերով՝ ցուցահանդեսին կարող են մասնակցել ազատ թեմատիկայով կերպարվեստի բոլոր ժանրերի ներկայացուցիչները՝ Հայաստանից եւ արտերկրից:
Յուրաքանչյուր ստեղծագործական վաճառքից առաջացած գումարի 70%-ը կտրամադրվի Գյումրիի մանկական նկարչական դպրոցի վերանորոգման աշխատանքներին, իսկ 30%-ը՝ հեղինակներին:
«Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանի խոսքերով՝ իրենց նախաձեռնությանը պետք է միանան նաեւ գործարարները, քանի որ միայն հավաքված գումարով հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի:
Ցուցահանդեսը Գյումրիում կտեւի մինչեւ դեկտեմբերի 20-ը, այնուհետեւ կտեղափոխվի Երեւան: