Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծածկած շուկան հրդեհ է»

Հասարակություն
83862490636c9db1b42058e18eb83f6f

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նախախորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը և Վարդան Հակոբյան անդրադարձան Ծածկած շուկայի պայքարին, ինչպես նաև Երևանում տեղի ունեցող ապօրինի շինարարություններին:

Խոսելով Ծածկած շուկայից՝ պարոն Չուգասզյանը նշեց, որ պայքարն իր բնույթով լոկ մշակութային չէ. «Այն ավելի խորքային է, ուղղված է օլիգարխիկ իշխանության բացահայտմանը: Եթե հայտնի մուլտֆիլմով օրինակ բերենք, ապա կտեսնենք, որ այստեղ վիշապը բազմաթիվ գլուխներ ունի»:

Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս շուկայի սեփականատեր, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համակիրները «փորձում են կեղծել քաղաքացիական շարժումը և հիասթափեցնել հասարակությանը»: Անդրադառնալով «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի բոյկոտին` բանախոսը նշեց. «Այն երևանյան պարենային շուկան հավակնում է վերցնել իր ձեռքը: Սիթիների ցանցը ոչ թե աշխատատեղեր է բացում, այլ կործանում է ցածր և միջին բիզնեսը»:

Նախախորհրդարանի համակարգող Վարդան Հակոբյանն էլ ասաց. «Քաղաքապետարանը և մշակույթի նախարարությունը անմիջական պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ ներկայումս տեղի է ունենում», իսկ Գարեգին Չուգասզյանը հավելեց. «Ծածկած շուկան հրդեհ է, եթե մենք այդ հրդեհը չհանգցնենք այն կհասնի հրապարակ, Գյումրի»:

Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Ծածկած շուկայի հարցը լուծել դատական ատյաններում` պարոն Չուգասզյանն ասաց. «Մենք պատրաստվում ենք, և կա փաստաբանների խումբ, որը այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Առաջիկայում դուք ականատես կլինեք լուրջ գործընթացների»: