Սիրիական պատերազմի հետքերը՝ Էջմիածնում
Սիրիական պատերազմի հետևանքները հասել են նաեւ էջմիածին: «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի սաներն ամեն տարի համերգով հանդես էին գալիս Հալեպում: Այս տարի հյուրընկալություն տեղի չունեցավ. «Տարին 2 անգամ գնում ենք, շատ գոհ ենք եղել, բայց պատերազմը խաթարեց այդ կապը»,- ասաց «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի տնօրեն Անահիտ Մադոյանը։
Սիրիահայերն էին հոգում ճամփորդության ծախսերը, իսկ համերգներից ստացված հասույթով խումբը կարողանում էր ձեռք բերել պարային հագուստ եւ պարագաներ։ Համույթը անվճար երգ ու պար է սովորեցնում 3-25 տարեկան իր 100 սաներին եւ հյուրախաղերից ստացված հասույթը խմբի հիմնական գոյատեւման միջոցն է. «Այստեղ բարեգործական նպատակով ենք բերում մեր երեխաներին, ոչ մի լումա չենք տալիս», - նշեց Կարինե Ավետիսյանը։ Իսկ համույթի սան Նոնա Գրիգորյանն էլ ավելացրեց. « Չեմ ցանկանա երբեք փակվի երգի պարի թատրոնը»։
Համույթի ղեկավարը չի թաքցնում, որ իրենք ֆինանսների կարիք ունեն, սակայն եթե հովանավորներ էլ չգտնվեն, ամեն ինչ կանի, որ այն չդադարեցնի իր գործունեությունը. «Լուծարվել բացառվում է, քանի որ մենք անցել ենք շատ բարդ ճանապարհ և ունեցել ենք հաճելի պահեր», - հավելեց Մադոյանը։
Նա հույս ունի, որ հաջորդ տարի հյուրախաղերի հրավերներ կլինեն սփյուռքահայ համայնքների կողմից, եւ արդյունքում միջոցներ ձեռք կբերվեն «Վաղարշապատ» երգի եւ պարի թատրոնի 10-ամյակը նշելու համար։
Մանրամասներ՝ տեսանյութում