Հ. Աբրահամյանը զբաղեցնում է Ն. Ռիժկովի աշխատասենյակը
ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ մեր եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը:
Նիստի օրակարգում նախատեսվել է քննարկել երկու երկների միջեւ տրանսպորտային խնդիրները:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ՌԴ եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանները:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանն ու ռուսական կողմի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Նա իր բացման խոսքում, դիմելով հայ պատվիրակներին, ասաց. «Ես ողջունում եմ ձեզ՝ մեր սովետական, ըը... ռուսական մաս, հին հիշողություններով սա ասացի»: Ներկաները փորձեցին այս կոչն աննկատ թողնել՝ ընկալելով որպես հումոր:
Պարոն Ռիժկովն այնուհետեւ անդրադարձավ հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ դրանք այնքան լավ են կազմակերպվում, որ «որեւէ մեկի մտքով չի անցնում որեւէ անգամ իրենց ուղղությամբ քար նետել»: Նա նկատեց, որ սովորաբար իրենց պատվիրակությունն ավելի մեծ կազմով է լինում՝ 19 ներկայացուցիչ, սակայն այս անգամ նրանց մի մասը հիվանդացել է, մի մասն էլ՝ գործուղման էր եւ այդ պատճառով Երեւան է ժամանել միայն 9 պատվիրակ. «Նրանք այն մարդիկ են, որոնք սիրում են Հայաստանը ու սիրով են այցելում ձեր երկիր»:
Այնուհետեւ պարոն Ռիժկովն անդրադարձավ ՀՀ տրանսպորտային շրջափակմանն ու այս ուղղությամբ տրանսպորտային նոր ուղիների փնտրտուքին: Նա կարեւորեց հատկապես երկաթգծային ճանապարհների շահագործումը:
Նիկոլայ Ռիժկովն առաջարկեց հաջորդ համաժողովն անցկացնել Նիժնի Նովգորոդում, այլ ոչ թե Մոսկվայում. «Ես բազմիցս եմ ասել, որ հայերը Մոսկվան ավելի լավ գիտեն, դրա համար ավելի լավ կլինի նրանց համար՝ ճանաչել մեր մյուս տարածքները: Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր Վոլգան եւ մեր մյուս ռուսական գլխավոր, հրաշալի գետերը, որոնք մեր համաժողովի անցկացման ժամանակահատվածում՝ 2014թ. հունիսին, ազատված կլինեն արդեն սառույցից եւ նավերը հանգիստ կնավարկեն»:
Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց, որ հայ պատվիրակների համար հետաքրքիր երթուղի են մտածել՝ Նիժնի Նովգորոդ կգնան երկաթգծով՝ մոտ 3 ժամ 45 րոպե, եւ այդ ընթացքում բոլորը կարող են հիանալ ՌԴ եվրոպական հատվածի գեղեցիկ բնապատկերներով: Պարոն Ռիժկովը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դուր է եկել այս ուղեւորությունը, եւ նա եւս համաձայնվել է մասնակցել Նիժնի Նովգորոդում կայանալիք համաժողովին: Պարոն Աբրահամյանը Նիկոլայ Ռիժկովից անմիջապես ստացավ պաշտոնական հրավեր:
Վերջում Նիկոլայ Ռիժկովը հիշեց, որ 25 տարի առաջ ինքը երկու ամիս աշխատել է այն նույն աշխատասենյակում, որը հիմա զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը. «Ի դեպ, աշխատասենյակը պահպանվել է այնպես, ինչպես այն ժամանակ էր: Այստեղ 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման շտաբն էր գործում: Դրանք անմոռանալի օրեր էին՝ սարսափելի աղետի, ինչպես նաեւ՝ հերոսական արարքների օրեր էին »:
Այս պահին ընթանում է փակ նիստ, որից հետո համաժողովի ներկայացուցիչները կհանդիպեն լրատվամիջոցների հետ: