Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն գրավելու փորձից մինչեւ աղոթքի շարժում (տեսանյութ)

Հասարակություն
85cb1981eb1c2fda8b8610a0cf77b0eb

Երեւանում տապալվեց հեղափոխության հերթական փորձը։ Իշխանափոխություն անելու Շանթ Հարությունյանի շարժումն սկսվեց Ազատության հրապարակից եւ ավարտվեց հրապարակից մի քանի քայլ հեռու՝ Մաշտոցի պողոտայում։ Վազգեն Մանուկյանն առաջինն էր, որի իշխանափոխության փորձը հեղափոխական բնույթ ուներ։

Պարոն Մանուկյանը վիճարկում էր 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահի ընտրությունների արդյունքները։ Ազատության հրապարակից հասցրեց Ազգային ժողով, որտեղ գտնվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Դեռեւս Ազատության հրապարակում պարոն Մանուկյանն ասում էր, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության։ «Նախագահի պալատը գրավելը սխալ է»,-հանգստացնում էր պարոն Մանուկյանը բորբոքված ժողովրդին։ Հեղափոխության համար առաջին ազդեցիկ կոչը հնչել է հենց նրա շուրթերից։

Ազգային Ժողովի ճաղերն անցնելուց առաջ պարոն Մանուկյանը հայտարարեց՝ եթե 20-30 րոպեից չվերադառնամ, եկեք իմ հետեւից։ Ինքը չվերադարձավ, ժողովուրդը գնաց նրա հետեւից։ Արդյունքում ծեծվեցին Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, Վազգեն Մանուկյանը մի քանի օր անհետացավ եւ առժամանակ բոլորը մոռացան հեղափոխության փորձի մասին։

Հաջորդ փորձը տապալվեց 2003-ին, դարձյալ նախագահի ընտրությունների առիթով։ Ստեփան Դեմիրճյանը վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Ազատության հրապարակից ընդդիմության առաջնորդի գլխավորած շարժումը հասավ մինչեւ Ազգային ժողով, որտեղ էլ կանգնեցվեց փշալարերով եւ ոստիկանության հատուկ տեխնիկական այլ միջոցներով։ Ընդդիմությունը պահանջում էր Քոչարյանի հրաժարականը միայն բերանացի։

Ստեփան Դեմիրճյանի հեղափոխությանը նմանվող հաջորդ փորձը տեղի ունեցավ մեկ տարի հետո Սահմանադրական դատարանի վճռի առիթով։

Դատարանն իշխանությանն առաջարկել էր վստահության հանրաքվե անցկացնել, իշխանությունը հրաժարվել էր։ Ազատության հրապարակից ընդդիմությունը հասավ Բաղրամյան պողոտա եւ կրկին կանգնեցվեց Ազգային ժողովի մոտ։ Նույն գիշեր ոստիկանության հատուկ ջոկատայինները իրականացրեցին «Կոլցո» օպերացիան։ Շարժումը խեղդվեց արյան մեջ։ Ընդդիմությունը պետք է սպասեր եւս 4 տարի։

2008-ի մարտի 1-ին նախագահի ընտրություններից 11 օր հետո իշխանությունը կեղծված ընտրությունները չեղյալ համարելու պահանջով փողոց դուրս եկած ժողովրդի վրա բաց թողեց ոչ միայն ոստիկանության ուժերին, այլեւ Ազգային անվտանգությանը եւ բանակը։ Սպանվեց 10 հոգի։

Քաղաքական ուժ համարվող բոլոր կառույցները վերջնականապես մոռացան որեւէ հեղափոխության մասին։ 2013-ին դարձյալ նախագահի ընտրություններից հետո առաջին անգամ հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ աղոթքի շարժումը։

Իշխանությունն ընդդիմության հետ էր, ընտրությունները կեղծվել էին, սակայն ընդդիմությունը ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծված ընտրությունների առիթով փողոց դուրս եկած ժողովրդին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ առաջնորդեց Ցեղասպանության զոհերի հուշարձան՝ աղոթելու։

Շանթ Հարությունյանը ոչ մեկին չէր ուզում նախագահ դարձնել։ Նա քաղաքական ոչ մի պահանջ չձեւակերպեց, սակայն իր կողքին կանգնած մարդկանց հետ մահակներով եւ պայթուցիկներով դուրս եկավ Սերժ Սարգսյանին հեռացնելու։ Մի քանի հարյուր ոստիկաններ Մաշտոցի պողոտայում արդեն սպասում էին նրանց։ Ամեն ինչ տեղի ունեցավ արագ։ Մահակները ճոճելուց ու մի քանի պայթուցիկներ պայթեցնելուց հետո Շանթ Հարությունյանը եւ նրա մեկ տասնյակ կողմնակիցներ ձերբակալվեցին։

Ազատության հրապարակում այսօր ոչ մի պահանջ չի հնչում, իսկ Բաղրամյան պողոտան միայն տարանցիկ ճանապարհ է Մաշտոցի պողոտայից Կիեւյան կամ Դավիթաշենի կամուրջներ հասնելու համար։