Արգիշտի Կիվիրյանին կանչել են ՀՔԾ
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը հայտնում է, որ
այսօր, ժամը 16.00-ին, Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին կանչել են հատուկ քննչական ծառայություն՝ «մեղադրանք առաջադրելու Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ նրա դեմ սարքած քրեական գործով։ Արգիշտիին սպառնում է կալանավորում: Ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով փորձելու է մեկուսացնել նրանց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը»:
Անի Կաղինյանը կոչ է անում այդ ժամին հավաքվել գլխավոր դատախազության մոտ՝ սատարելու Արգիշտիին. «Սա բոլորիս պայքարն է»։
Հիշեցնենք, օգոստոսի 24-ին ոստիկանները Կոմիտաս 5 հասցեից բերման էին ենթարկել Արգիշտի Կիվիրյանին։Բերման ենթարկող ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը զեկուցագիր էր ներկայացրել, որ Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել էր՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն, և ոստիկանության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում: Իսկ Կիվիրյանն ասում է, որ իր դեմ կիրառված բռնությունների կապակցությամբ գործը քննելու փոխարեն քննվում է 316 հոդվածի շրջանակում` «իբր ինքն է բռնության ենթարկել ոստիկանին»: