ՄԻԱՎ /ՁԻԱՀ վարակակիրների թիվն ավելանում է
2015 թ-ին Հայաստանում ՄԻԱՎ /ՁԻԱՀ վարակակիրների թիվը կարող է ավելանալ։ Մտահոգությունը հայտնում է ՄԻԱՎ /ՁԻԱՀ կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գեւորգյանը. «Հայաստանը պետբյուջեից կանխարգելման ծրագրի համար ֆինանսավորում չի ստանում, ամբողջ ֆինանսավորումը միջազգային է, եւ քանի որ Հայաստանն արդեն համարվում է փոքր-ինչ ավել զարգացած երկիր, ֆինանսավորումը պետք է ստանա նաեւ երկրից»։
Ամբողջ ազգային ծրագրի համար անհրաժեշտ է 5-6 մլն եվրո՝ ասում է Գեւորգյանը ու հավելում, որ եթե ֆինանսավորումը չլինի, ապա համաճարակը կշատանա։
Խոսելով Հայաստանում գրանցված դեպքերի մասին՝ Աշոտ Գեւորգյանը նշում է, որ ՄԻԱՎ /ՁԻԱՀ վարակակիրների մեծ մասը վարակը ձեռք են բերում սեռական ճանապարհով, երկրորդ տեղում թմրանյութերի միջոցով վարակվածներն են, իսկ արյան միջոցով վարակվածների թիվը համեմատաբար քիչ է. «Այն կանայք, ովքեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր են, հիմնականում վարակը ձեռք են բերել իրենց ամուսնուց, կամ այլ զուգընկերոջից, ովքեր հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի»,- ասում է նա ու ցավով փաստում, որ պատճառը սեռական կյանքի անվտանգության կանոնների չիմացությունն է։