Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ճնշել են նաեւ իրենց կոլեգային

Հասարակություն
582e5f162ddbe55b55a9611bef3fafa7

Սյունիքի մարզում մի ընտանիքից միանգամից չորս տղամարդ հայտնվել է անազատության մեջ:

Նրանք մեղադրվում են 2010 թ. օգոստոսի 28-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ:

«Մինչ օրս էլ շարունակում են պնդել, որ իրենք անմեղ են, եւ դեպքի օրը եղել են միայն բաժանողի դերում: Գործի նախաքննությունն ու դատաքննությունը ուղեկցվել են կոպիտ դատավարական խախտումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեւորգ, Ջորջ, Կարապետ եւ Հակոբ Թոսունյանների պաշտպան Վահագն Մանուկյանը:
Դատարանում վկաները հերքել են, որ Թոսունյան եղբայրները սպանել են, դեռ ավելին՝ միայն նշել են, որ նրանք բաժանել են:

Իսկ Կապանի անձնագրային բաժնի պետ Արշամ Աթայանը դատարանում հայտարարել է, որ առավոտյան ժամը 6-ին 6-րդ վարչության աշխատակիցները իրեն սավանով բերման են ենթարկել եւ 10 օր պահել անազատության մեջ, որպեսզի իրենց նախընտրելի ցուցմունքը տա: «Կամ կհեռացվես աշխատանքից, կամ կհայտնվես անազատության մեջ»,- պաշտպանի խոսքերով՝ այսպես են սպառնացել անձնագրային բաժնի պետին:

Իսկ տղաների հայրը՝ Հակոբ Թոսունյանը, մեղադրվում է վկաներին ճնշելու, ինչպես նաեւ Սյունիքի մարզի դատախազին կամ քննիչին 100 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ, սակայն վկաների հետ առերեսում չի կատարել եւ դեռ ավելին, պաշտպանի խոսքերով, այդպիսի վկաներ գոյություն չունեն: Գործն էլ հարուցվել է միայն մեկ վկայի ցուցմունքի հիման վրա:

Պաշտպանը հիշեցնում է, որ ինչպես հիմնական, այնպես էլ անջատված գործը ձախողված է: